ԱՄՆ պետդեպարտամենտը հանդես է եկել Ղազախստանի դեպքերի վերաբերյալ հայտարարությամբ, որտեղ ասվում է, որ Միացյալ Նահանգները լրջորեն անհանգստացած են Ղազախստանի արևմուտքում բռնությունների առնչությամբ, և կոչ են անում հակամարտության կողմերին զսպվածություն ցուցաբերել:
«Մենք ողջունում ենք Ղազախստանի կառավարության հայտարարած բռնության գործողությունների համակողմանի և թափանցիկ հետաքննության մտադրությունը: Հանցավոր գործողությունների համար բոլոր պատասխանատուները պետք է կանգնեն արդարադատության առաջ` համապատասխան միջազգային նորմերի համաձայն»,-ասվում է պետդեպարտամենտի մամուլի քարտուղար Վիկտորա Նուլանդի հայտարարությունում:
ԱՄՆ պետդեպարտամենտը նաև հայտարարել է. «Մենք անհանգստացած ենք այն հաղորդագրություններով, որ բողոքի ցույցերի արդյունքում անջատվել էին կապի որոշ միջոցներ, և Ղազախստանի կառավարությանը կոչ ենք անում արագորեն և լիարժեքորեն վերականգնել ամբողջ երկրի կապի բաց գծերը»:
Պաշտոնական տվյալների համաձայն, Ղազախստանի արևմուտքում ցուցարարների և ոստիկանության բախումների արդյունքում զոհվածների ընդհանուր թիվը հասել է 15-ի, որոնցից 14 զոհվել են Ժանաոզենում, որտեղ զանգվածային անկարգությունները սկսվել են ուրբաթ` Ղազախստանի անկախության 20-ամյակի տոնակատարությունների ժամանակ: Եվս մեկ մարդ զոհվել է Ժանաոզենից ոչ հեռու գտնվող Շետպե կայարանի մոտակայքում:
Շաբաթ օրը Ղազախստանի նախագահ Նուրսուլաթ Նազարբաևը Ժանաոզենում հայտարարել է արտակարգ իրավիճակ: Քաղաքում ինտերնետը հասանելի չէ, բջջային հեռախոսակապը չի գործում: Ղազախստանի կապի նախարարությունը դա բացատրում է անկարգությունների ընթացքում կապուղիների վնասումներով: