ՀԱՊԿ շրջանակներում անվտանգության հարցերի շուրջ անհրաժեշտ է փնտրել որոշման ընդունման նոր մեխանիզմներ, կարծում է Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը:
«Անհրաժեշտ է մշակել այնպիսի կանոնակարգ, որպեսզի ճգնաժամային իրավիճակում հնարավոր լինի ընդունել համապատասխան որոշում»,- ասել է Նազարբաևը « ՀԱՊԿ դաշնակիցներ» ամսագրին տված հարցազրույցում, գրում է ՌՒԱ Նովոստի-Ղազախստանը:
Նազարբաևը կարծում է, որ «անհրաժեշտ է արագացնել ՀԱՊԿ խաղաղապահ հավաքական ուժերի ձևավորման գործընթացը, դրանց մասնակցության հեռանկարները աշխարհի տարբեր ծայրերում հակամարտության իրավիճակներում ՄԱԿ-ի մանդատի համաձայն ապահովելու նպատակով»:
Նրա գնահատականով, անհրաժեշտ է նաև ուժեղացնել « ՀԱՊԿ շրջանակներում կանխատեսական-վերլուծական աշխատանքների արդյունավետությունը, ինչը կնպաստի ռազմաքաղաքական իրավիճակի ուսումնասիրմանը, ինչպես նաև դրա զարգացման ռազմավարական ծրագրմանը` երկարաժամկետ և միջին ժամկետային հեռանկարների տեսանկյունից»:
«Կազմակերպության գործունեության գլխավոր ուղղություններից մեկը պետք է դառնա հավաքական անվտանգության ժամանակակից ուժերի և միջոցների տեսքի որոշումը: Դա, իր հերթին, պետք է անմիջական ազդեցություն ունենա ՀԱՊԿ մասնակից երկրնեիր պաշտպանական ձեռնարկությունների զարգացման վրա, դրանց տեխնիկական հագեցածության վրա, ռազմական ոլորտում գիտահետազոտական և փորձարարա-կոնստրուկտորական աշխատանքների վրա»,-կարծում է Ղազախստանի նախագահը: