26 նոյեմբերի 2003 - 22:37 AMT
ՀԱՅԱՍՏԱՆԻ, ԱԴՐԲԵՋԱՆԻ, ՎՐԱՍՏԱՆԻ ԵՎ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀՈԳԵՎՈՐ ԱՌԱՋՆՈՐԴՆԵՐԸ ԿՈՎԿԱՍՈՒՄ ԱՄՈՒՐ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ՁԵՌՔԲԵՐՄԱՆ ԿՈՉ ԵՆ ԱՐԵԼ
Վրաստանի, Ադրբեջանի, Հայաստանի եւ Ռուսաստանի հոգեւոր առաջնորդները այսօր Մոսկվայում կայացած բանակցությունների արդյունքում իրենց ազգերին ուղղված համատեղ դիմում են ընդունել, որն արտահայտում է Կովկասում եղած հակամարտությունների խաղաղ կարգավորման հիմնական սկզբունքները: «Աբխազիան, Ղարաբաղը, Չեչնյան, Հարավային Օսիան արնաթոր վերքեր են մեր ժողովուրդների համար: Ահաբեկիչները, ծայրահեղականները եւ քաղաքական արմատականները փորձում են օգտագործել ազգային եւ կրոնական տարբերություններն իրենց նպատակների հիմնավորման համար»,- ասվում է փաստաթղթում: Դիմումը ստորագրել են Մոսկվայի եւ Համայն Ռուսիո պատրիարք Ալեքսի Երկրորդը, Ամենայն հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդը, Համայն Վրաստանի պատրիարք Իլյա Երկրորդը եւ Կովկասի մահմեդականների վարչության նախագահ Ալլահշուքյուր Փաշա-զադեն: «Կովկասյան քառյակի» երկրների հոգեւոր առաջնորդները քաղաքական գործիչներին կոչ են արել Կովկասում ամուր խաղաղությանը խոչընդոտող բոլոր տարաձայնությունների կարգավորմանն ուղղված երկխոսությանը նոր լիցք տալ: Նրանք հայտարարել են , որ պատրաստ են լրջորեն մասնակցություն ցուցաբերել նման երկխոսությունում, տեղեկացնում է «Նովոստի» ռուսական գործակալությունը: Նշենք, որ 2004 թվականի մարտի 2-4 Մոսկվայում կկայանա ԱՊՀ երկրների միջկրոնական խաղաղարարական համաժողովը: