20 դեկտեմբերի 2011 - 17:12 AMT
Ադրբեջանը Թուրքիայի օրինակով սպառնում է Ֆրանսիային հարաբերությունների վատթարացմամբ

Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի ներառումը Ֆրանսիայի ԱԺ օրակարգում «մեծ վիրավորանք է ֆրանսիական ժողովրդավարությանը, քանի որ յուրաքանչյուր մարդ իրավունք ունի, առնվազն, ունենալ իր մտածելակերպն ու խոսքի ազատություն», գտնում է Ադրբեջանի միլի մեջլիսի նախագահի առաջին տեղակալ Զիյաֆետ Ասկերովը:

Նա գնահատել է այդ քայլի քննարկումը Ֆրանսիայի խորհրդարանում որպես «անհեթեթ երևույթ»: «Գտնում եմ, որ այդ քայլը ոչ մի լավ բան չի խոստանում Թուրքիայի ու Ֆրանսիայի միջև հարաբերություններում: Քանի որ դա ճնշում է Թուրքիայի հանդեպ, որը չի տեղավորվում ոչ բարոյական, ոչ միջազգային նորմերի շրջանակներում: Ոստի ես վճռականորեն դատապարտում եմ այդ քայլը: Գտնում եմ, որ Ֆրանսիայի խորհրդարանի գործողությունները կարող են անդրադառնալ նաև ադրբեջանա-ֆրանսիական հարաբերությունների վրա», հայտնում է ԱՊԱ գործակալությունը:

Օրինագիծը քննարկման կդրվի Ֆրանսիայի Ազգային ժողովում դեկտեմբերի 22-ին:

Համաձայն օրինագծի Հայոց ցեղասպանության փաստը ժխտելու դեպքում սպառնալու է 1 տարի ազատազրկում և 45 հազար եվրո տուգանք: