20 դեկտեմբերի 2011 - 18:47 AMT
Ղազախստանյան Աստանան և թուրքմենական Մարին ԱՊՀ մշակութային մայրաքաղաքները կդառնան 2012 թվականին

Ղազախստանի մայրաքաղաք Աստանան և թուրքմենական Մարի քաղաքը հայտարարվել են 2012թ. Անկախ Պետությունների Համագործակցության մշակութային մայրաքաղաքներ. նման որոշում է ընդունվել երեքշաբթի օրը ԱՊՀ անդամ պետությունների ղեկավարների ոչ պաշտոնական հանդիպմանը, գրում է ՌԻԱ Նովոստին:

Այդ քաղաքները կշարունակեն «Համագործակցության մշակութային մայրաքաղաքները» Միջպետական ծրագրի փորձնական փուլի իրականացումը` ընդունելով էստաֆետը բելոռուսական Գոմելից և ռուսական Ուլյանովսկից:

Ծրագրի հիմնական նպատակներն են միջմշակութային երկխոսության խթանումը` որպես վստահության և փոխըմբռնման հիմք, երկրների մշակութային ներուժերի միավորումը, Համագործակցության միջազգային հեղինակության բարձրացումը:

Ենթադրվում է, որ ամեն տարի ԱՊՀ-ում հայտարարվելու են երկու մշակութային մայրաքաղաքներ` մեկական ԱՊՀ մասնակից պետություններից: