Աշխատանքային այցով Ռուսաստանի Դաշնությունում գտնվող Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր մասնակցել է ԱՊՀ մասնակից պետությունների ղեկավարների ոչ պաշտոնական գագաթաժողովին` նվիրված ԱՊՀ 20-ամյակին:
ԱՊՀ մասնակից պետությունների ղեկավարներն ընդունել են Հայտարարություն, որում հաստատել են իրենց մտադրությունն ուղղված՝ համագործակցության զարգացմանը և փոխըմբռնման ու փոխգործակցության ամրապնդմանը, մարդկանց կյանքի իրական բարելավմանը, նրանց բարեկեցության բարձրացմանն ու փոխադարձ շփման ընդլայնմանն ուղղված համատեղ աշխատանքից գործնական արդյունավետության բարձրացմանն աջակցելուն: Փաստաթղթում նշված են ԱՊՀ շրջանակներում տարբեր ոլորտներում համագործակցության զարգացման ռազմավարական խնդիրները: Պատրաստակամություն է հայտնվել անել ամեն հնարավորը, որպեսզի ԱՊՀ-ն հետագայում ևս մնա կայունության և անվտանգության կարևոր գործոն, փոխշահավետ համագործակցության տարածք, կայուն քաղաքական, սոցիալ-տնտեսական, հումանիտար և գիտատեխնիկական զարգացման տարածաշրջան:
ԱՊՀ երկրների ղեկավարները քննարկել են նաև 2012թ. ԱՊՀ երկրների տնտեսական համագործակցության հետ կապված հարցեր: Առանցքային է համարվել հատկապես կապի և տեղեկատվայնացման ոլորտներում փոխգործակցությունը: Որոշում է կայացվելնաև ընտրություններին ԱՊՀ դիտորդական առաքելությունների դերի բարձրացման մասին:
Ավարտելով աշխատանքային այցը Ռուսաստանի Դաշնություն` Սերժ Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը դեկտեմբերի 20-ի երեկոյան կվերադառնա Երևան: