21 դեկտեմբերի 2011 - 20:19 AMT
Ֆասյե. ՄԽ համանախագահները կարող են մոտեցնել կողմերի դիրքերը, բայց չեն կարող նրանց փոխարեն լուծել խնդիրը

Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գծով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները կարող են մոտեցնել կողմերի դիրքերը, սակայն չեն կարող նրանց փոխարեն լուծել հիմնախնդիրը: Այդ մասին հայտնել է ԵԱՀԿ ՄԽ համանախագահ Բեռնար Ֆասյեն իր գործունեության ավարտի կապակցությամբ Երևանում կայացած ամփոփիչ մամլո ասուլիսում: Նրա խոսքով` այժմ անհրաժեշտ է վստահության մթնոլորտ ստեղծել կողմերի միջև, և ոչ միայն հակամարտության կողմերի ղեկավարության, այլև հասարակայնությունների միջև:

«Ղարաբաղյան հակամարտությունը չի կարող կարգավորվել ռազմական ճանապարհով»,- ընդգծել է Ֆասյեն: Որպես օրինակ նա բերել է ֆրանս-գերմանական հակամարտությունը, որի ընթացքում Ֆրանսիային հաջողվեց վերադարձնել իր հողերը` դրա դիմաց բավական մեծ գին վճարելով: «Այն գինը, որը մենք վճարեցինք մեր հողերը վերադարձնելու համար, շատ բարձր էր: Եվ պատերազմը խելամիտ լուծում չէր»,- նկատել է ֆրանսիական համանախագահը:

Նա հավելել է, որ ղարաբաղյան հակամարտության հնարավոր ռազմական լուծումը մղձավանջ և նոր արյունահեղություն կլինի, և նոր փախստականների առաջացման կհանգեցնի: