22 դեկտեմբերի 2011 - 14:19 AMT
Դոմինիկ Սուշե. Ընդունելով օրինագիծը, մենք միանում ենք ժխտողականության դեմ սփյուռքահայերի պայքարին

«Այն սպառնալիքները, որոնցով հանդես է գալիս Թուրքիան, վկայում են այն մասին, որ այդ երկիրը շարունակում է Հայոց ցեղասպանության ժխտողական քաղաքականությունը և չի ընդունում իր անցյալը»,-Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի քննարկման ժամանակ ասել է Ֆրանսիայի Աժ պատգամավոր, Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի անդամ Դոմինիկ Սուշեն: Ըստ նրա, մինչ օրս Թուրքիան շարունակում է ժխտել Հայոց ցեղասպանության փաստը:

«Այդ մասին լռում են նաև թուրքական դասագրքերը և երիտասարդ դիվանագետները, որոնք շարունակում են մերժողական քաղաքականությունը»,-նշել է նա: Նա հավելել է, որ օրինագծի ընդունումը ազդակ կարող է հանդիսանալ այն թուրք գործիչների համար, որոնք շարունակում են պայքարը թուրքական ժխտողականության դեմ: Ըստ նրա, Ցեղասպանության հարցը հայ-ֆրանսիական հարաբերությունների հիմնական տարրերից մեկն է: «Հայ համայնքը մշտապես պայքարում է Ցեղասպանության ժխտողականության դեմ և, ընդունելով այս օրինագիծը, մենք միանում ենք այդ պայքարին»,-ասել է նա: