22 դեկտեմբերի 2011 - 16:11 AMT
Ընկերությունն իրեն տրամադրված հանքավայրի սահմաններից դուրս տրավերտին է արդյունահանել

ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում հարուցվել է քրեական գործ` ՍՊ ընկերությանը տրամադրված հանքավայրի տեղամասի սահմաններից դուրս ընդերքի շահագործում իրականացնելու դեպքի առթիվ:

Մասնավորապես` «Լիթոսֆեր» ՍՊ ընկերության վերաբերյալ նյութերի ուսումնասիրությամբ պարզվել է, որ 2008թ. հուլիսի 4-ից մինչև 2010թ. նոյեմբերի 4-ն ընկած ժամանակահատվածում նշված ՍՊԸ-ի տնօրենն առանց լիցենզիայի Արարատի տրավերտինի հանքավայրի «Արևմտյան» տեղամասից հանքարդյունահանման հատուկ լիցենզիայով, լիցենզիայի պայմանագրով և լեռնահատկացման ակտով ընկերությանը տրամադրված հանքավայրի տեղամասի սահմաններից դուրս իրականացրել է ընդերքի շահագործում:

Նախնական տվյալներով ընկերությունն արդյունահանել է ընդհանուր 2580 մ3 տրավերտինի զանգված` պետությանը պատճառելով առանձնապես խոշոր չափերի վնաս:

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 188-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ ապօրինի ձեռնարկատիրություն, որը զուգորդվել է անձանց կամ կազմակերպություններին կամ պետությանն առանձնապես խոշոր չափի վնաս պատճառելով։

Քրեական գործն ուղարկվել է ՀՀ կառավարությանն առընթեր ՊԵԿ քննչական վարչություն` նախաքննություն կատարելու համար: