Ֆրանսիայի ԱԺ-ում Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի ընդունումից հետո Թուրքիան ծայրահեղ միջոցների կդիմի զերծ պահելու համար ֆրանսիացիներին Սենատում օրինագծի վերջնական հաստատումից: Այդ մասին PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է ԱՄՆ-ում լույս տեսնող The California Courier թերթի խմբագիր Հարութ Սասունյանը:
«Հրաշալի հաղթանակ էր հայության համար և ջախջախիչ պարտություն բոլոր թուրքերի համար: Ավելին, թուրք իշխանությունների սպառնալիքները նպաստեցին օրինագծի ընդունմանը»,-հայտարարել է նա: Ըստ Սասունյանի, Թուրքիայի վերջին օրերի դիրքորոշումը փաստեց, որ իրենք արժանի չեն անդամակցելու ԵՄ-ին և եվրոպական երկիր լինելու:
Սասունյանը չի բացառել, որ հավանաբար, շուտով թուրքական կողմը կհայտարարի, թե օրինագծի ընդունումն անիմաստ մի բան էր: Թուրքիան միշտ փորձում է մեղմել իր պարտությունները»,-ասել է նա:
Ֆրանսիայի Ազգային ժողովը քվեարկել է պատգամավոր Վալերի Բոյերի` Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի օգտին: Առայժմ հայտնի չէ` քանի պատագամավոր է կողմ և քանի պատգամավոր է դեմ քվեարկել:
Օրինագիծը նախատեսում է Ցեղասպանության փաստի ժխտման համար 1 տարի ազատազրկում և 45 000 եվրո տուգանք:
Դեկտեմբերի 7 օրինագիծն ընդունվել է Ֆրանսիայի Ազգակին ժողովի Իրավական հարցերով կոմիտեի կողմից:
Ավելի վաղ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Անկարան պատրաստ է Փարիզի դեմ պատժամիջոցներ ընդունել: Թուրքիան նաև սպառնացել է, որ Փարիզից ետ կկանչի իր դեսպանին, եթե Ֆրանսիայի խորհրդարանը հաստատի օրինագիծը: