22 դեկտեմբերի 2011 - 18:23 AMT
Հունաստանի արդեն նախկին դեսպանը հույս ունի, որ հայ-հունական բարեկամությունը կշարունակվի

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հրաժեշտի հանդիպում է ունեցել Հայաստանի Հանրապետությունում Հունաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Իոաննիս Կորինթիոսի հետ:

Նախագահը շնորհակալություն է հայտնել դեսպան Իոաննիս Կորինթիոսին՝ պաշտոնավարման ընթացքում երկու երկրների հարաբերությունների ամրապնդման գործում ներդրած ջանքերի համար, որի արդյունքում, նախագահի խոսքով, հայ-հունական հարաբերությունները որոշակի առաջընթաց են ապրել:

Հունաստանի դեսպանը շնորհակալություն է հայտնել նախագահ Սերժ Սարգսյանին ջերմ խոսքերի և գնահատականի համար՝ հույս հայտնելով, որ հայ և հույն ժողովուրդների միջև առկա բարեկամությունը կշարունակվի և հիմք կհանդիսանա բոլոր ոլորտներում հարաբերությունների առավել խորացմանը: