23 դեկտեմբերի 2011 - 09:26 AMT
ԱՄՆ-ն, Ճապոնիան և Եվրամիության երկրները բոյկոտել են ՄԱԿ-ում լռության րոպեն Կիմ Չեն Իրի պատվին

ԱՄՆ-ն, Ճապոնիան, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան, Գերմանիան և Եվրամիության անդամ երկրների մեծ մասը բոյկոտել են ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայում լռության րոպեն շաբաթ օրը մահացած ԿԺԴՀ առաջնորդ Կիմ Չեն Իրի մահվան կապակցությամբ: Այդ մասին հաղորդում է France Presse գործակալությունը:

ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի նախագահ Նասիր Աբդալ-Ազիզ ան-Նասերը հայտնել է, որ լռության րոպեն հայտարարվել է Հյուսիսային Կորեայի խնդրանքով: Արևմտյան դիվանագետներն այդ խնդրանքն անպատեհ են անվանել: Կիմ Չեն Իրի հիշատակը լռության րոպեով հարգելու ԿԺԴՀ դիմումը մերժվել է նաև ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդում:

ԿԺԴՀ դեմ գործում են ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդի պատժամիջոցները` կապված Պխենյանի միջուկային ծրագրի հետ: