ԵԱՀԿ խոսքի ազատության հարցերի ներկայացուցիչ Դունյա Միյատովիչը մտահոգություն է հայտնել հինգշաբթի օրը Ֆրանսիայի խորհրդարանի ստորին պալատի կողմից Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի ընդունման կապակցությամբ:
Միյատովիչի խոսքով` օրինագծի ընդունումը կարող է խոչընդոտել այդ թեմայով հասարակական քննարկումների անցկացմանը:
Բացի այդ, ԵԱՀԿ ներկայացուցիչը նշել է, որ նման օրինագծի ընդունումը մամուլի ազատության բազմամյա պատմություն ունեցող երկրի կողմից կարող է հանգեցնել այդ օրինագծի ընդունմանը նաև այլ երկրների կողմից, ինչը, անկասկած, կանդրադառնա ԵԱՀԿ խոսքի ազատության սկզբունքների վրա:
Դեկտեմբերի 22-ին Ֆրանսիայի Ազգային Ժողովն ընդունել է պատգամավոր Վալերի Բոյերի` Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող բանաձևը: Օրինագիծը Հայոց ցեղասպանության ժխտման համար նախատեսում է 1 տարվա ազատազրկում և 45 հազ. եվրոյի չափով տուգանք: Դեկտեմբերի 7-ին օրինագիծն ընդունվել էր Ֆրանսիայի Ազգային Ժողովի իրավական հարցերի հանձնաժողովի կողմից: