2011 թ-ը Կրթության և գիտության նախարարության համար ընդհանուր առմամբ եղել է ակտիվ աշխատանքի և նոր ձեռքբերումների տարի, այսօր լրագրողների հետ հանդիպմանը ամփոփելով անցնող տարին, ասաց ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը, հավելելով, որ դեռևս մնում են մի շարք հիմնավոր խնդիրներ, որոնք իրենց լուծմանն են սպասում:
Արձանագրված ձեռքբերումների ու հաջողությունների շարքում Աշոտյանն առանձնացրեց շուրջ 1700 երեխաների համար 125 համայնքներում նոր նախակրթարանների բացումը: Նա նշեց, որ հենց այս տարի են հաստատվել նախակրթության և հանրակրթության ոլորտների պետական չափորոշիչները: «Բուռն տարի էր դպրոցների տնօրենների քննությունների առումով, որոնք անցկացվեցին երեք փուլով և վայելեցին հասարակության վստահությունը», ասաց նախարարը, առանձնացնելով նաև 8000 ուուցիչների վերապատրաստում անցնելու փաստը:
Ձեռքբերումների շարքում Աշոտյանը նշեց նաև Հայաստանում առաջին միջազգային դպրոցի բացումը, 6 միջազգային օլիմպիադաներում 10 մեդալների ու դիպլոմների ձեռքբերումը, շախմատի` որպես կրթական ծրագրի ներառումը դպրոցներում, ներառական կրթության ընդլայնումը:
Միջին մասնագիտական կրթության ոլորտում, ըստ նախարարի, մշակվել ու կիրառվել են նոր մասնագիտություններ, կրթության ոլորտի հակակոռուպցիոն գործողությունների ծրագրի շրջանակներում նախատեսվող բոլոր միջոցառումներն արվում են:
Միայն պետական ծրագրերով 190 ուսանող ուսումը շարունակում է արտասահմանում: «Մեր մեկ այլ կարևոր ձեռքբերումն այն է, որ վերաբացվել է Բուխարեստի համալսարանի հայագիտական կենտրոնը», ասաց նախարարը, հավելելով. «գլխավոր ձեռքբերումն այն է, որ արձանագրել ենք հաջողություններ, իսկ ձախողումը` դեռևս կան չլուծված խնդիրներ: Կրեդիտային համակարգի լեզվով ասած` հավաքել ենք բավարար կրեդիտ հաջորդ տարի փոխադրվելու համար, բայց դե լավ կլիներ, որ լիներ գերազանցիկի առաջադիմություն»: