23 դեկտեմբերի 2011 - 14:54 AMT
Էջմիածնում կվերականգնվի քաղաքը պաշտպանած ռուս մարտիկներին նվիրված հուշակոթողը

Էջմիածնի տարածքում վերականգնվելու է 1827թ. Ռուս-պարսկական պատերազմի ընթացքում Էջմիածինը պաշտպանած ռուս մարտիկներին նվիրված հուշակոթողը: Ինչպես PanARMENIAN.Net թղթկցին հայտնեցին «Հովհաննես Իմաստասեր Կաթողիկոս Օձնեցի» բարեգործական հիմնադրամի մամլո ծառայությունից, օրեր առաջ «Հովհաննես Իմաստասեր Կաթողիկոս Օձնեցի» ի արմատներով օձնեցի, ռուսաստանաբնակ գործարար Մովսես Ձավարյանը և ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողասյանի միջև ստորագրվել է հուշագիր, որի համաձայն եկող տարի սկսվելու են հուշակոթողի վերականգնման աշխատանքները:

Հիմնադրամի մամլո ծառայությունից դժվարացան ասել կոթողի կոնկրետ թվագրությունը, սակայն նշեցին, որ այն պատկանում է 19 դարի առաջին կեսին:

Դեկտեմբերի 22-ին Հայ-Ռուսական Սլավոնական համալսարանում տեղի ունեցավ «Հովհաննես Իմաստասեր Կաթողիկոս Օձնեցի» բարեգործական հիմնադրամի շնորհանդեսը:

Հիմնադրամի նպատակն է Հայաստանի տարածքում գտնվող պատմաճարտարապետական գլուխգործոցների վերականգնումը ՀՀ մշակույթի նախարարության նախագծերով և վերահսկմամբ, Հայ Առաքելական եկեղեցու հավանության ներքո: Հիմնադրամն անվանակոչված է վաղ միջնադարի բարեհամբավ կաթողիկոսներից մեկի` Հովհաննես Իմաստասեր Օձնեցու անունով (7-րդ դար):

Իր բարեգործական աշխատանքի ընթացքում հիմնադրամը մտադիր է իրականացնել մի շարք ծրագրեր: Այսօրվա դրությամբ դրանցից հիմնականը Լոռու մարզի Օձուն գյուղում Սբ. Մարիամ Աստվածածին եկեղեցու վերածնունդն է: