Հայաստանի ԱԺ պաշտպանության, անվտանգության և ներքին գործերի մշտական հանձանժողովի նախագահ, ՀՅԴ պատգամավոր Հրայր Կարապետյանը հայտարարել է, որ համաձայն չէ այն պնդմանը, թե ՊՆ փորձում է թաքցնել և լռության մատնել բանակում կատարված ողբերգական իրադարձությունները: «Ո՛չ, ես համաձայն չեմ: Սակայն համաձայն եմ, որ բազմաթիվ դեպքերում անբարեխիղճ վերաբերմունք է ցուցաբերվել և ոչ լիարժեքորեն է անցկացվել վերջնական հետաքննության գործընթացը և անհամապատասխան է եղել օրենքին և բազմաթիվ դեպքերում հենց քննչական մարմինների կողմից: Ուստի հուսով եմ, որ այդ ամենը կշտկվի»,-հայտարարել է նա լրագրողներին:
Կարապետյանի խոսքով, խորհրդարանական հանձնաժողովի անդամները հանդիպել են խաղաղ պայմաննորում բանակում զոհված զինծառայողների հարազատների հետ, և ինքն անձամբ այն ժամանակ փոխխոսնակ Սամվել Նիկոյանի հետ միասին նրանց բողոքների հիման վրա, բազմաթիվ նամակներ են հղել գլխավոր զինդատախազին, Հետախուզական ծառայության հրամանատարներին, Ռազմական ոստիկանությանը, մի դեպքում նաև առողջապահության նախարարին:
Նա ընդգծել է, որ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը ևս հանդիպել է զոհված զինվորների հարազատներին, և խնդրել է իրեն ժամանակ տալ, որպեսզի ուսումնասիրի նրանց բողոքները և ցուցումներ է տվել համապատասխան կառույցներին շատ արագ բացահայտել բոլոր դեպքերը, որոնցից դժգոհ են հարազատները և անհրաժեշտության դեպքում նոր հետաքննություն անցկացնել: «Մենք միշտ ուշադրության կետրոնում ենք պահելու այս խնդիրը և ի վերջո ամփոփվելու են արդյունքները և ներկայացվելու հարազատներին»,-հավելել է նա:
Հրայր Կարապետյանը հույս է հայտնել, որ մոտ ապագայում նրանք կկարողանան բոլոր ծնողներին լիարժեք պատասխան տալ: «Եվ ի վերջո, մեր խնդիրն է վստահ լինել, որ հետաքննությունն արդար է անցկացվել և մեղավորները պատժվել են»,-ընդգծել է նա: