23 դեկտեմբերի 2011 - 21:20 AMT
«Ժառանգությունը» ողջունել է Ցեղասպանության վերաբերյալ Ֆրանսիայի ԱԺ որոշումը

«Ժառանգություն» կուսակցությունը ողջունում է Ֆրանսիայի Ազգային ժողովի կողմից Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի ընդունումը և փաստում, որ այդ քայլով Ֆրանսիան վերահաստատեց ժողովրդավարության և մարդու իրավունքների մարդասիրական արժեքների առաջամարտիկը լինելու փաստը: Սա նաև տրամաբանական շարունակությունն է այլատյացության և ռասսիզմի դեմ Եվրամիության կողմից իրականացվող քաղաքականության և դրա շրջանակներում վերջին տարիների ընթացքում ընդունված որոշումների:

«Մենք արձանագրում ենք, որ այս որոշումը նաև աշխարհասփյուռ հայության և, նախևառաջ, Սփյուռքի` ցեղասպանությունը վերապրած և հայրենազրկված զավակների երկարատև և հետևողական պայքարի արդյունքն է»,- նշվում է կուսակցության տարածած հաղորդագրությա մեջ։

Արևմտահայությունը քայլ առ քայլ վերատիրանում է իրենից խլված իրավունքներին, ինչը «Ժառանգությունը» դիտարկում է որպես կարևորագույն համազգային խնդիր. «Ցավոք, մինչ այժմ նման օրինագիծ ընդունված չէ նույնիսկ Հայաստանի Հանրապետությունում»: