24 դեկտեմբերի 2011 - 15:45 AMT
Արամ Առաջին. Միջազգային հանրությունը պետք է լուրջ վերաբերվի Ցեղասպանության հարցին

Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինը շնորհակալական նամակ է հղել Ֆրանսիայի նախագահ Նիկոլյա Սարկոզիին: Նամակում կաթողիկոսը ողջունել է ֆրանսիական իշխանությունների դիրքորոշումը Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում: «Ես ուրախ եմ, որ Ցեղասպանությունների, այդ թվում Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծն ընդունվեց, ինչը հաստատում է, որ Ֆրանսիան հավատարիմ է համամարդկային արժեքներին ու սկզբունքներին»,-գրում է Արամ Առաջինը:

Կաթողիկոսը նաև կոչ է արել միջազգային հանրությանը լրջորեն վերաբերվել Ցեղասպանության հարցին, թույլ չտալու համար նոր ոճրագործություններ:

Դեկտեմբերի 22-ին Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող բանաձևը ընդունվել է Ֆրանսիայի Ազգային ժողովում: Օրինագիծը Հայոց ցեղասպանության ժխտման համար նախատեսում է 1 տարվա ազատազրկում և 45 հազ եվրոյի չափով տուգանք: Այս կապակցությամբ Թուրքիան հետ է կանչել դեսպանին Փարիզից: