Իրանի ռազմածովային ուժերը շաբաթ օրը՝ դեկտեմբերի 24-ին, մասշտաբային զորավարժություններ են սկսել Օրմուզյան նեղուցում՝ Պարսից ծոցից գազի և նավթի արտահանման համար կարևորագույն ծովային ճանապարհին, հաղորդում է ՌԻԱ Նովոստին՝ հղում կատարելով իրանական հեռուստաալիքին:
Իրանական ՌԾՈՒ՝ Velayat-90 խորագրով զորավարժությունները կտևեն 10 օր:
Իրանական զինվորականների հերթական զորավարժությունները կոչված են ցուցադրելու նոր սպառազինությունը, սարքերն ու իրանական պաշտպանական արդյունաբերության նորարարությունները: Զորավարժություններում կգործարկվեն Tareq և Ghadir դասի սուզանավերը և «ցամաք - օդ» դասի նորագույն հրթիռային համակարգերն ու տորպեդները:
Անցյալ շաբաթ ազգային անվտանգության իրանական խորհրդարանական հանձնաժողովի անդամ Փարվիզ Սարվարին հաղորդեց, որ զորավարժությունների ընթացքում կմշակվեն Օրմուզյան նեղուցը փակելու ՌԾՈՒ գործողությունները: Բայց հետո Իրանի ԱԳՆ մամլո քարտուղարը հայտնեց, որ Թեհրանը չի փակի Օրմուզյան նեղուցը զորավարժությունների ժամանակ:
Օրմուզյան նեղուցը հիմնական ծովային ճանապարհն է Պարսից ծոցից գազի և նավթի արտահանման համար: Այն Օմանի ծոցը միացնում է Պարսից ծոցի հետ: Հյուսիսային ափը վերահսկում է Իրանի Իսլամական Հանրապետությունը, իսկ հարավայինը՝ ԱՄԷ-ն ու Օմանը՝ ԱՄՆ դաշնակիցները: