26 դեկտեմբերի 2011 - 10:06 AMT
Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող բանաձևի հեղինակին սպառնում են հաշվեհարդարով

Հաքերները կոտրել են Վալերի Բոյերի` Ֆրանսիայի իշխող կուսակցության` Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը նախաձեռնած անդամի կայքը:

Բոյերը հայտարարել է, որ բողոք է ներկայացրել ոստիկանություն այն բանից հետո, երբ իրեն և իր ընտանիքին սկսել են մահով սպառնալ:

Հաքերները կայքի գլխավոր էջում տեղադրել են թուրքական դրոշն ու ուղերձը ֆրանսիական կառավարությանը և երկրի հայ համայնքին: Ուղերձում հաքերները պնդում են, որ այդ օրենքը նախատեսված է ապրիլին Ֆրանսիայում ընտրությունների ժամանակ ձայներ գնելու համար:

Դեկտեմբերի 22-ին Ֆրանսիայի Ազգային ժողովն ընդունել է ցեղասպանությունների, այդ թվում` 1915թ. Օսմանյան կայսրությունում տեղ գտած Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը, որը ժխտման համար նախատեսում է 1 տարվա ազատազրկում և 45 հազ. եվրոյի չափով տուգանք: Դրանից հետո Անկարան հետ է կանչել իր դեսպանին Ֆրանսիայից և սպառնում է լիովին խզել հարաբերությունները: