ԽՍՀՄ ժողովրդական դերասան Արմեն Ջիգարխանյանը բեմ է դուրս եկել 10-ամյա ընդմիջումից հետո, հայտնում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը: Արվեստի անվանի գործիչը հանդես է եկել փիլիսոփա և պետական գործիչ Լուցի Անեյ Սենեկայի դերում «Ներոնի և Սենեկայի ժամանակների թատրոն» ներկայացման մեջ: Այն առաջին անգամ ցուցադրվել է դեկտեմբերի 24-ին Մոսկվայի դրամատիկ թատրոնում, որը գլխավորում է հայտնի դերասանը:
Առաջնախաղից հետո վարպետը պարգևատրվեց Ռուսաստանի լրագրողների միության «Պատիվ. Արժանապատվություն. Պրոֆեսիոնալիզմ» պատվո նշանով նշանակալի պրոֆեսիոնալ նվաճումների, պրոֆեսիոնալ և քաղաքացիական էթիկայի բարձր նորմերի հաստատման համար:
Ջիգարխանյանը նախկինում արդեն հանդես է եկել այդ դերում Էդվարդ Ռադզինսկու պիեսում Մայակովսկու անվան թատրոնում, այն ժամանակ վարպետը մարմնավորեց կայսր Ներոնի կերպարը:
Մամլո ասուլիսում Ջիգարխանյանը խոստովանեց, որ ճշգրիտ չի կարող ասել, թե ինչու որոշեց բեմ դուրս գալ տևական դադարից հետո: «Դա հատուկ, կհանդգնեմ ասել ֆիզիկահոգեբանական վիճակ է»,-ասել է նա՝ խոսելով պիեսի ընտրության մասին: «Շատ եմ սիրում այդ հեղինակին,-խոստովանել է վարպետը:-Ես խաղացել եմ նրա բոլոր ստեղծագործություններում: Նա ժամանակակից թատերերգության ականավոր հեղինակներից է»:
Ջիգարխանյանը փայլուն կերպով մարմնավորեց փիլիսոփա Սենեկայի կերպարը: Հին Հռոմի մթնոլորտն էին ստեղծում պատմական դարաշրջանի ոճն ու ոգին վերարտադրող դեկորացիաներն ու զգեստները: Ինքը Ջիգարխանյանն առանձնացրեց «լավ բեմադրված խորեոգրաֆիան»:
Պիեսը բեմադրվել է Մոսկվայում, Պրահայում, Նյու Յորքում, Կոպենհագենում ու Տորոնտոյում:
Անդրադառնալով առաջիկա ծրագրերին՝ Ջիգարխանյանն ասաց, որ թատրոնում աշխատում են Սարոյանի «Իմ սիրտը լեռներում է» բեմադրության վրա: «Ես տեսել եմ այդ ներկայացումը Երևանում և կարծում եմ, որ այն մի քանի շերտեր, մակարդակներ ունի, ինչպես ցանկացած լավ դրամատուրգիա: Ուստի ինձ համար հետաքրքիր կլինի այն բեմադրել»,-ասել է նա: