26 դեկտեմբերի 2011 - 14:31 AMT
Հայ-քուվեյթյան հարաբերությունները նոր մակարդակի են բարձրացել վերջին երկու տարում

Դեկտեմբերի 26-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Հայաստանում Քուվեյթի նորանշանակ դեսպան Բասամ Մուհամմադ ալ-Քաբանդիին՝ հավատարմագրերի պատճենի հանձնման կապակցությամբ:

Ողջունելով հյուրին՝ նախարար Նալբանդյանը հաջողություն մաղթեց դեսպան ալ-Քաբանդիին իր առաքելության մեջ՝ նշելով, որ Հայաստանում Քուվեյթի դիվանագիտական ներկայացուցչության հիմնումը նոր լիցք կհաղորդի երկկողմ համագործակցության զարգացմանը, իսկ դեսպանն իր ուրույն ներդրումը կունենա այդ գործում:

Հայաստանի արտգործնախարարը հավելեց նաև, որ հայ-քուվեյթյան հարաբերությունները որակապես նոր մակարդակի են բարձրացել նախագահ Սերժ Սարգսյանի 2009թ. Քուվեյթ կատարած այցից հետո, ինչը նշանավորվել է բարձրաստիճան քաղաքական երկխոսության ակտիվացմամբ, դիվանագիտական ներկայացուցչությունների հիմնադրմամբ, իրավապայմանագրային դաշտի ընդլայնմամբ:

Շնորհակալություն հայտնելով բարեմաղթանքների համար՝ դեսպան ալ-Քաբանդին ընդգծեց, որ Քուվեյթի Պետությունը կարևորում է Հայաստանի հետ հարաբերությունների առավել ամրապնդումն ու ընդլայնումը և Երևանում դեսպանության հիմնումը դրա վկայությունն է: Դեսպանը վստահեցրեց որ կանի առավելագույնը երկկողմ համագործակցության խորացման համար:

Զրուցակիցները անդրադարձան ս.թ. հոկտեմբերին Երևանում կայացած հայ-քուվեյթյան միջկառավարական հանձնաժողովի առաջին նիստին ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքին:

Նախարար Նալբանդյանն ու դեսպան ալ-Քաբանդին կարևորեցին վերջերս Հայաստանի զարգացման գործակալության պատվիրակության Քուվեյթ կատարած այցը և դրա ընթացքում Քուվեյթի ներդրումային ընկերության հետ ստորագրած փոխըմբռնման հուշագիրը՝ համոզմունք հայտնելով, որ այն խթան կհանդիսանա այդ ոլորտում համագործակցության խորացման համար:

Հանդիպման օրակարգում էին նաև մշակութային փոխանակումների ակտիվացմանն առնչվող հարցերը: Հայաստանի արտգործնախարարն ու Քուվեյթի դեսպանը քննարկեցին նաև Միջին Արևելքի տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումները: