26 դեկտեմբերի 2011 - 14:38 AMT
ՖՈՏՈՇԱՐՔ
Կարեն Բեքարյան. Թուրքիան հերթական անգամ ցույց տվեց միջազգային հանրությանն իր իսկական դեմքը

Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի ընդունումը Ֆրանսիայի ԱԺ-ում վկայում է այն մասին, որ այդ երկիրը շարունակում է մնալ մարդու իրավունքների պաշտպանության և համամարդկային արժեքների օրրանը: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է «Եվրաինտեգրացիա» ՀԿ նախագահ Կարեն Բեքարյանը: Ըստ նրա, այդ որոշումը ցույց տվեց նաև, որ շատ փորձագետների այն կարծիքը, թե Հայ-թուրքական արձանագրությունների ստորագրումից հետո Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը կասեցվեց, սխալ էր: «Հակառակը, ես կասեի, որ Ցեղասպանության ճանաչման գործընթացն ակտիվացել է»,-ասել է փորձագետը:

Անդրադառնալով այն հայտարարություններին, թե Ֆրանսիայի ԱԺ գործողությունները նախընտրական արշավի մասն են կազմում, Բեքարյանն ասել է, որ նույնիսկ եթե դա այդպես է, միևնույն է, իշխանությունները այդ քայլով ուշադրության կենտրոնում են պահում ֆրանսահայ համայնքի խնդիրները:

Բացի այդ, Բեքարյանը նշել է, որ օրինագծի ընդունումը լավ առիթ էր, որ Թուրքիան հերթական անգամ ցույց տար միջազգային հանրությանը իր իսկական դեմքը: Ըստ նրա, բոլորն արդեն համոզվել են, որ թուրքական քաղաքականությունը հենվում է շանտաժի ու սպառնալիքների վրա:

Դեկտեմբերի 22-ին Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող բանաձևը ընդունվեց Ֆրանսիայի Ազգային Ժողովում: Օրինագիծը Հայոց ցեղասպանության ժխտման համար նախատեսում է 1 տարվա ազատազրկում և 45 հազ. եվրոյի չափով տուգանք: Այս կապակցությամբ Թուրքիան հետ է կանչել դեսպանին Փարիզից:

ՖՈՏՈՇԱՐՔ