26 դեկտեմբերի 2011 - 18:56 AMT
Նորայր Մեհրաբյանն ու Ժենյա Ավետիսյանն արժանացել են Երևանի քաղաքապետի ոսկե մեդալին

Հայկական գեղանկարչության ասպարեզում ներդրած մեծ ավանդի, ինչպես նաև ծննդյան 75–ամյա հոբելյանի կապակցությամբ գեղանկարիչ Հրանտ Թադևոսյանը, հայ պարարվեստի բնագավառում ներդրած մեծ ավանդի, ինչպես նաև ծննդյան 70–ամյա հոբելյանի կապակցությամբ «Բարեկամություն» համույթի գեղարվեստական ղեկավար Նորայր Մեհրաբյանը, հայ թատերական արվեստում ներդրած մեծ ավանդի, ինչպես նաև ծննդյան 70–ամյա հոբելյանի կապակցությամբ Հայաստանի Հանրապետության ժողովրդական դերասանուհի Ժենյա Ավետիսյանը Երևանի քաղաքապետի որոշմամբ պարգևատրվել են Երևանի քաղաքապետի ոսկե մեդալով։

Մեդալները հանձնել է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ով հյուրընկալել էր մայրաքաղաքի արվեստի, մշակույթի և սպորտի բնագավառի ներկայացուցիչներին, հայտնում է Երևանի քաղաքապետարանի մամլո ծառայությունը:

Շնորհավորելով առաջիկա տոների կապակցությամբ ՝ քաղաքապետն ընդգծել է մշակույթի գործիչների դերը ոչ միայն ոլորտի ավանդույթների պահպանման, այլև որակյալ մշակութային միջավայր ստեղծելու, ինչպես նաև մատաղ սերնդի դաստիարակության գործում։ Մարգարյանը մեկ անգամ ևս հավաստիացրել է, որ քաղաքապետարանը շարունակելու է մշակութային ոլորտին աջակցելու ծրագրերը և ընդառաջելու է լավագույն նախագծերին։

Արվեստի և մշակույթի բնագավառի մի շարք ներկայացուցիչներ 2011թ. արդյունավետ գործունեության և ստեղծագործական հաջողությունների համար պարգևատրվել են Երևանի քաղաքապետի շնորհակալագրերով։