27 դեկտեմբերի 2011 - 14:24 AMT
2012-ին Թուրքիան կարող է վերադառնալ հայ-թուրքական կարգավորման գործընթացին, գտնում է հայ փորձագետը

2012 թվականին Թուրքիան կարող է վերադառնալ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացին: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտնել է Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի ղեկավար, քաղաքագետ Ռիչարդ Կիրակոսյանը: Նրա խոսքով` դա կարող է կապված լինել այն բանի հետ, որ Թուրքիայի արտաքին քաղաքականության մեջ բոլոր մնացած մարտահրավերներն ավելի բարդ են:

Անդրադառնալով 2009 թվականին ստորագրված Հայ-թուրքական արձանագրություններին` հայ փորձագետն ասել է, որ այսօր այդ փաստաթղթերն իրենցից որևէ քաղաքական արժեք չեն ներկայացնում, և դրանք կարելի է «մեռած» համարել: Նրա խոսքով` այսօրվա դրությամբ Անկարայի ռազմավարությունը կայանում է ոչ թե Արձանագրությունների վավերացման, այլ դրանց կետերի իրականացման մեջ:

Ընդ որում` հայ փորձագետը նկատել է, որ Թուրքիան պետք է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը վերադառնա անկեղծ դրդապատճառներով, այլ ոչ թե Հայոց ցեղասպանության և դրա վերաբերյալ ընդունված բանաձևերի պատճառով:

Ռիչարդ Կիրակոսյանը նկատել է նաև, որ Հայաստանի դիրքերը Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացում զգալիորեն ուժեղացել են: Նրա խոսքով` ի տարբերություն Անկարայի, Երևանն արեց ամեն ինչ, որպեսզի ցույց տա Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորելու իր անկեղծ ցանկությունը:

Թուրքիան շարունակում է երկարաձգել Արձանագրությունների վավերացման գործընթացը, ինչի կապակցությամբ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը 2010թ. ապրիլի 22-ին հրամանագիր ստորագրեց հայ-թուրքական արձանագրությունների վավերացման գործընթացը դադարեցնելու մասին` հայտարարելով, որ Անկարան պատրաստ չէ շարունակել մեկնարկած գործընթացը:

2011թ. օգոստոսին Հայ-թուրքական արձանագրությունները, կանոնադրության համաձայն, դուրս էին բերվել Թուրքիայի Մեծ ազգային ժողովի օրակարգից, քանի որ չէին դիտարկվել առաջին համագումարի ընթացքում:

Հոկտեմբերին Թուրքիայի վարչապետը փաստաթղթերը վերադարձրեց խորհրդարանի օրակարգ, սակայն դրանց վավերացման ժամկետները դեռևս որոշված չեն: