28 դեկտեմբերի 2011 - 10:32 AMT
Պետդեպարտամենտ. Իրանի հայտարարությունն Օրմուզի նեղուցի շրջափակման մասին միջուկային ծրագրից ուշադրությունը շեղելու փորձ է

Իրանի հայտարարությունը Օրմուզի նեղուցի շրջափակման մասին միջուկային ծրագրից ուշադրությունը շեղելու փորձ է: Այդ մասին Վաշինգտոնում կայացած ճեպազրույցում հայտարարել է ԱՄՆ պետդեպարտամենտի ներկայացուցիչ Մարկ Թոները՝ մեկնաբանելով Իրանի հայտարարությունները նեղուցը փակելու հնարավորության մասին:

Ըստ Թոների, ԱՄՆ-ն դեմ չէ նեղուցում ընթացող զորավարժություններին. «Դա յուրաքանչյուր պետության իրավունքն է: ԶՈւ նրա համար էլ գոյություն ունի, որ ժամանակ առ ժամանակ զորավարժություններ անցկացնեն: ԱՄՆ-ն ևս ՌԾՈւ զորավարժություններ է անցկացնում իր ջրերում»:

Սակայն, ըստ Թոների, միևնույն ժամանակ շրջափակման մասին հայտարարություններն ուղղված են ուշադրությունը միջուկային ծրագրից շեղելուն:

«Այս հարցում մեր դիրքորոշումն անփոփոխ է՝ կամ պատժամիջոցների խստացում, կամ բաց երկխոսություն արևմտյան երկրների հետ: Եթե խաղաղ ատոմի ծրագիրը համապատասխանում է միջազգային չափանիշներին, Իրանի համար դժվար չի լինի առավել լայն երկխոսություն սկսել»,-ասել է նա:

Նախօրեին Իրանի փոխնախագահ Ռեզա Ռահիմին հայտարարեց, որ Իրանը կարող է արգելափակել տանկերների անցումը Օրմուզի նեղուցով: