28 դեկտեմբերի 2011 - 16:26 AMT
Գյուլը ոչ մի կերպ չի ուզում հաշտվել Ֆրանսիայում Հայոց ցեղասպանության մասին բանաձևի ընդունման հետ

Ֆրանսիայի Ազգային ժողովում Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնելու մասին օրինագծի ընդունումը սխալ էր: Այդ մասին Անկարայում հայտնել է Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը:

Նրա խոսքով` օրինագծի ընդունումը միայն բացասաբար կանդրադառնա Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման վրա: «Հայաստանի հետ հարաբերություններում այսօրվա իրադրությունը ոչ մեկին ձեռնտու չէ»,- նշել է նա` հավելելով, թե հույս ունի, որ Ֆրանսիան հետ կկանգնի գործած սխալներից, գրում են թուրքական լրատվամիջոցները:

Դեկտեմբերի 22-ին Ֆրանսիայի Ազգային ժողովն ընդունել է ցեղասպանությունների, այդ թվում` 1915թ. Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը, որը ժխտման համար նախատեսում է 1 տարվա ազատազրկում և 45 հազ. եվրոյի չափով տուգանք: Դրանից հետո Անկարան հետ է կանչել իր դեսպանին Ֆրանսիայից և սպառնում է լիովին խզել հարաբերությունները: