11 հունվարի 2012 - 18:56 AMT
ԴԱՀԿ ապահովող ծառայությունում տեղի են ունեցել մի շարք կադրային փոփոխություններ

ՀՀ գլխավոր հարկադիր կատարող, արդարադատության գնդապետ Միհրան Պողոսյանի հրամանով ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ապահովող ծառայությունում տեղի են ունեցել մի շարք կադրային փոփոխություններ, հայտնում է ԴԱՀԿ մամլո ծառայությունը: Մասնավորապես, ծառայության Երևան քաղաքի Շենգավիթ բաժնի պետ, արդարադատության փոխգնդապետ Ալբերտ Նազարյանը փոխադրման կարգով նշանակվել է Վայոց Ձորի մարզային բաժնի պետի պաշտոնում: Երևան քաղաքի Շենգավիթ բաժնի պետ է նշանակվել Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն բաժնի պետի տեղակալ, արդարադատության փոխգնդապետ Արթուր Հակոբյանը: ԴԱՀԿ ծառայության ղեկավարի հրամանով Երևան քաղաքի ալիմենտի բռնագանձման բաժնի պետի տեղակալ, արդարադատության մայոր Գագիկ Գասպարյանն ազատվել է աշխատանքից, իսկ Տավուշի մարզային բաժնի պետ, արդարադատության փոխգնդապետ Ջիվան Մաճկալյանը փոխադրման կարգով նշանակվել է Երևան քաղաքի ալիմենտի բաժնի պետի տեղակալի պաշտոնում: Միհրան Պողոսյանի մեկ այլ հրամանով Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն բաժնի պետի տեղակալ, արդարադատության մայոր Վահագն Ֆահրադյանը նշանակվել է Տավուշի մարզային բաժնի պետ: Երևան քաղաքի պետական եկամուտների կոմիտեի հայցերով բռնագաձումների բաժնի ավագ հարկադիր կատարող, արդարադատության կապիտան Ալեքսանդր Մուշեղյանը նշանակվել է նույն բաժնի պետի տեղակալի պաշտոնում:

ՀՀ գլխավոր հարկադիր կատարողի օգնական, արդարադատության մայոր Մուշեղ Խաչատրյանն ազատվել է աշխատանքից`այլ աշխատանքի տեղափոխվելու կապակցությամբ: Միհրան Պողոսյանի մեկ այլ հրամանով իրավաբանական բաժնի առաջատար խորհրդատու, արդարադատության լեյտենանտ Աշոտ Տեր-Գրիգորյանը նշանակվել է ՀՀ գլխավոր հարկադիր կատարողի օգնական: