14 հունվարի 2012 - 15:26 AMT
Շառլ Ազնավուրը հանդիպել է Շվեյցարիայի նախագահի և ԱԳ նախարարի հետ

Հունվարի 11-ին Շվեյցարիայում ՀՀ դեսպան Շառլ Ազնավուրը մասնակցեց Շվեյցարիայում հավատարմագրված դիվանագիտական առաքելությունների ղեկավարների համար կազմակերպվող ավանդական ամանօրյա բարեմաղթանքների ներկայացման հանդիսավոր արարողությանը: Ինչպես հայտնում է Հայաստանի ԱԳՆ մամուլի ծառայությունը, արարողության ընթացքում դեսպանը բարեմաղթանքներ փոխանակեց Շվեյցարիայի Համադաշնության նորընտիր նախագահ Էվելին Վիդմեր Շլումպֆի եւ արտաքին գործերի նախարար Դիդիե Բուրկհալտերի հետ` ցանկանալով հաջողություններ եւ արդյունավետ աշխատանք, երկու երկրների միջեւ հաստատված բարեկամական կապերի եւ համագործակցության հետագա զարգացում:

Նույն օրը դեսպան Ազնավուրն աշխատանքային հանդիպում ունեցավ հայ-շվեյցարական բարեկամական խորհրդարանական խմբի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվեցին խորհրդարանական մակարդակով երկու երկրների միջև համագործակցության ուղղությունները, փոխադարձ այցելությունների հնարավորությունը: Դեսպան Ազնավուրը կարևորեց երկու երկրների խորհրդարանների բարեկամության խմբերի միջեւ ձեւավորված փոխգործակցության բարձր մակարդակը, այդ թվում նաև Հայոց ցեղասպանության ճանաչմանն ուղղված գործունեությունը: