15 հունվարի 2012 - 16:38 AMT
Բաշար Ասադը հերթական համաներումն է հայտարարել

Սիրիայի նախագահ Բաշար Ասադը համաներում է հայտարարել հակակառավարական ելույթների մասնակիցների համար, հաղորդում է SANA սիրիական լրատվական գործակալությունը:

Հրամանագրում ասվում է, որ համաներումը տարածվում է «2011թ. մարտի 15-ից 2012թ. հունվարի 15-ն ընկած ժամանակամիջոցում տեղի ունեցած իրադարձությունների ֆոնին հանցանք գործած» անձանց վրա, հաղորդում է Reuters-ը:

Պաշտոնական սիրիական աղբյուրները չեն նշում, թե քանի մարդ է ձերբակալվել անկարգությունների ողջ ընթացքում:

Միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների տվյալների համաձայն, Սիրիայում հուզումների ընթացքում երկրում մի քանի հազար բողոքարարներ են ձերբակալվել:

Հուզումների սկզբից ի վեր բոլոր ձերբակալվածներին ազատ արձակելն ընդդիմության գլխավոր պահանջներից մեկն է:

Դա է նախատեսում նաև Սիրիայում ճգնաժամի կարգավորման ծրագիրը, որն առաջարկել է Արաբական պետությունների լիգան (ԱՊԼ), որի դիտորդներն աշխատում են երկրում: Սիրիայում անկարգությունների ընթացքում, ՄԱԿ-ի տվյալներով, ավելի քան հինգ հազար մարդ է զոհվել: