Թուրքիան կարող է զննել ռուսական նավը, որը, ինչպես հաղորդվում է, զինամթերք է փոխադրել Սիրիա, հաղորդում է Associated Press-ը՝ հղում կատարելով Թուրքիայի ԱԳՆ ներկայացուցիչ Սելչուք Ունալին:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ «վտանգավոր բեռով» Chariot ռուսական նավը, որը մինչ այդ բերման էր ենթարկվել և ապա բաց թողնվել Կիպրոսի իշխանությունների կողմից Լիմասոլ քաղաքի նավահանգստում, հինգշաբթի օրը մուտք է գործել սիրիական Տարտուս նավահանգիստ:
Գործակալության տվյալներով, վերջերս այն նկատել են Իսքենդերուն քաղաքի նավահանգստի մոտակայքում:
Ունալը լրագրողներին հայտնել է, որ Թուրքիայի առափնյա հսկողության զինծառայողներն ու մաքսատան աշխատակիցները նավ կբարձրանան և ստուգում կանցկացնեն, նախքան թույլ կտան, որպեսզի այն մուտք գործի Իսքենդերուն: Թուրքական ԱԳՆ ներկայացուցչի խոսքով՝ երկրի իշխանություններն արդեն կապ են հաստատել Chariot-ի նավապետի հետ, և վերջինս հաստատել է, որ նավը շարժվում է սիրիական Տարտուս նավահանգստից, հաղորդում է ՌԻԱ Նովոստին: