18 հունվարի 2012 - 09:11 AMT
Սերգեյ Խաչատրյանը ելույթ է ունենալու Փարիզում

Աշխարհահռչակ ջութակահար Սերգեյ Խաչատրյանը հունվարի 18-ին և 19-ին ելույթ է ունենալու Փարիզում: Ինչպես նշված է երաժիշտի պաշտոնական կայքում, նա ելույթ է ունենալու Փարիզի նվագախմբի հետ և կատարելու է Բեթհովենի հռչակավոր Ջութակի կոնցերտը:

Սերգեյ Խաչատրյանը ծնվել է 1985 թվականին Երևանում՝ երաժիշտ-դաշնակահարների ընտանիքում։ 1993 թվականից ընտանիքը տեղափոխվել է Գերմանիա՝ մշտական բնակության։ Ջութակ նվագել սկսել է վեց տարեկանից՝ պրոֆեսոր Պետրոս Հայկազյանի դասարանում, ուսումը շարունակել է պրոֆեսոր Գ. Ժիսլինի դասարանում՝ Վուրցբուրգ քաղաքում, իսկ 1996 թվականից աշակերտում է Յոզեֆ Ռիսսինին՝ Կարլսռուհեյի երաժշտկան բարձրագույն դպրոցում։ 9 տարեկանում Խաչատրյանը առաջին անգամ հանդես է եկել սիմֆոնիկ նվագախմբի հետ որպես մենակատար։ Տարբեր սիմֆոնիկ նվագախմբերի հետ հանդես է եկել աշխարհի շուրջ 50 երկրներում, այդ թվում և Հայաստանում՝ տարին 1-2 անգամ։ Պարբերաբար մասնակցում է դասական երաժշտության երևանյան Վերադարձի փառատոնին։