18 հունվարի 2012 - 12:33 AMT
ՖՈՏՈՇԱՐՔ
Արմեն Աշոտյան. Ոչ մի բարեփոխում copy paste չենք անում

2012-ին կրթության ոլորտում կիրականացվեն ոչ միայն նոր ծրագրեր, բարեփոխումներ, այլև կշարունակվեն հները։ Այսօր լրագրողների հետ հանդիպմանը, ներկայացնելով 2012-ի անելիքները, ասաց ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը՝ նշելով, որ կրթության ոլորտում դժվար թե գտնվի գեթ մեկ բարեփոխում, որը հնարավոր է իրականացնել մեկ կամ երկու տարում։

«2012թ-ի գերակայությունների մեջ են կրթության որակի և մատչելիության բարձրացումը, սոցիալական բեռի թեթևացումը, կոռուպցիայի դեմ պայքարը»,-ասաց նախարարը։

Նա նշեց, որ նախադպրոցական կրթության ոլորտում նախատեսվում է ՀՀ 4 մարզերում բացել նվազագույնը 80 նախակրթարան 1500 երեխաների համար։ Հանրակրթության ոլորտում նախատեսվում է շուրջ 8000 ուսուցիչների վերապատրաստում, թեստավորում, ինչպես նաև կշարունակվեն տարակարգերի շնորհման և դպրոցների տնօրենների թեքնածուների հավաստագրման գործընթացները. «Չնայած 2011-ին տնօրենների հավաստագրման գործընթացը շատ բուռն է ընթացել, այս տարի ակնկալում ենք ունենալ ևս 400 մասնակից»։

Տարրական դասարանների աշակերտներին բոլոր դասագրքերը պետբյուջեի հատկացումների շնորհիվ կտրվեն անվճար։

Նախարարը խոսեց նաև բուհական համակարգում ակնկալվող փոփոխությունների մասին։ Բոլոր նորարությունները շաղկապվում են Բոլոնիայի գործընթացի հետ, բայց նաև հստակ տեղայնացվում են։ «Ոչ մի բարեփոխում copy paste չենք անում»,- ասաց Արմեն Աշոտյանը։ Ըստ այդմ, սպասվող առաջին բարեփոխումը նախատեսում է որակավորումների ազգային շրջանակի ներդրում, բուհերի հավատարմագրում, բարձրագույն կրթության ֆինանսավորման բարեփոխումներ։

ՖՈՏՈՇԱՐՔ