Հայ մեծ գրող Հովհաննես Թումանյանի Թբիլիսիի տունը դեռ չի վաճառվել: Ինչպես մամլո ասուլիսի ժամանակ նշեց գրողի թոռնուհին` Իրմա Սաֆրազբեկյանը, խոսքը գնում է Դավիթաշվիլու 18 հասցեում տեղակայված տան մասին, որում ապրել է Թումանյանը 1909-1923 թթ-ը, իսկ 1952 թ-ին տան իրերը տեղափոխվել են Երևան: 6 սենյակներից 4-ը վերածվել էին գրադարանի, իսկ մյուս 2-ը` մնացել գրողի ժառանգներին: Անկախացումից հետո Վրաստանը այն «պահպանելու համար» պարտք է վերցրել Լեժավա ազգանունով մեծահարուստից, և այն չի մարել, ինչ պատճառով այդ պարտքերի դիմաց տունն անցել է նրան: Դեռ 2004 թ-ին Լեժավան առաջարկել է գնել այն ընդամենը 25 հազար դոլարով: Այսօր այն վաճառվում է 70 հազար դոլարով: Լեժավայի որդուն գնորդը ներկայացել է որպես Turan Georgia դիզայներական ընկերության ներկայացուցիչ, ով բնակարանը գնում է իր բանվորների համար:
Վաղը` հունվարի 19-ին Հայաստանից պատվիրակություն կմեկնի` Հայաստանի գրողների միության նախագահ Լևոն Անանյանի գլխավորությամբ: Նրանք կփորցեն վրացի գործընկերների հետ ընդհանուր հայտարարի գալ:
Բնակարանի մյուս մասն, այսօր պատկանում է Թումանյանի ծոռնուհուն` Ալյոնա Կոլեսնիկովային, ում առաջարկվել է վաճառել բնակարանի իր հատվածը, սակայն նա հրաժարվել է, պնդելով, որ կվաճառի այն միայն հայ համայնքին` հայ մշակույթի կենտրոն ստեղծելու պայմանով:
Շենքը վթարային է և տունն ունի բազմաթիվ խնդիրներ: Դրանով է պայմանավորված քաղաքի կենտրոնում տան ցածր գինը: Օրերս տան մեջ սկսվել են վերանորոգման աշխատանքներ, դռներից մեկն արդեն փակվել է սվաղով: