18 հունվարի 2012 - 20:22 AMT
ԿԱՐԾԻՔ
ՖՈՏՈՇԱՐՔ
Արդյո՞ք Սարկոզին կհաստատի «Տղամարդու խոսքը, խոսք է» ասացվածքը

Այսօր` հունվարի 18, Ֆրանսիայի Սենատի Սահմանադրական հանձնաժողովը որոշում է կայացրել չդիտարկելու Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը` նկատի ունենալով այս օրինագծին դեմ հանդես եկած սենատորների ելույթը: Օրինագծի դիտարկման հետաձգման համար «կողմ» են քննարկել 23, «դեմ» 9, և ձեռնպահ` 8 սենատորներ, հայտնում է Ֆրանսիայի Սենատի պաշտոնական կայքը:

Այդ որոշումն ընդունվել է հունվարի 23 Սենատում օրինագծի դիտարկման նախօրեին: Արդյունքում, օրինագիծը Սենատի կողմից, այնուամենայնիվ, կդիտարկվի, սակայն տարածվել են խորհրդավոր լուրեր այն մասին, որ «մինչև ընդհանուր քվեարկությունը, հաշվի է առնվելու վերոհիշյալ հանձնաժողովի որոշումը»:

Այս հաղորդագրությունն առանձնապես զարմանալի չէր: Ընդհանուր առմամբ, Ֆրանսիայում Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի ընդունման հենց սկզբից էլ առաջացել էր «դեժա վյուի» զգացում. նման բան արդեն եղել էր:

2006թ հոկտեմբերի 12 Ֆրանսիայի ԱԺ 106 «կողմ» և 19 «դեմ» ձայներով դարձյալ հաստատեց քրեական պատասխանատվության մասին օրինագիծը: Այն ժամանակ ևս օրինագիծը նախատեսում էր 45 հազար եվրո տուգանք և 1 տարի ազատազրկում: Դրանից հետո ևս հաջորդեցին Թուրքիայի և Ադրբեջանի համանման արձագանքներ:

Գրեթե նույն ժամանակ Ֆրանսիայի նախագահի թեկնածու Սարկոզին խոստացել էր իր ընտրվելու դեպքում աջակցել Ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի ընդունմանը:

Որոշ ժամանակ անց, 2007թ մայիսին նա ընտրվեց նախագահ հայ համայնքի ընտրաձայների օգնությամբ ևս:

Իսկ 2008-ին Սենատը հետաձգեց 2006-ին ԱԺ կողմից ընդունված օրինագծի դիտարկումը: Օրինագծին կողմ քվեարկեցին 74, դեմ` 196 սենատորներ:

Տպավորություն է ստեղծվում, որ սցենարի կրկնություն է տեղի ունենում: Այդ դեպքում, հավանաբար, Ֆրանսիայում նախագահական ընտրությունները կկայանան ապրիլի 22` Հայոց ցեղասպանության 97-րդ տարելիցից 2 օր առաջ:

Մնում է սպասել 3 ամիս և պարզել, արդյոք Սարկոզիի այդ խոստումը լուրջ էր, թե Ֆրանսիայի հայ համայնքը դարձյալ խաբվել է` ընտրաձայների համար:

Մարինա Անանիկյան / PanARMENIAN News
ՖՈՏՈՇԱՐՔ