Հայաստանի ռազմական դատախազ Գևորգ Կոստանյանը մտահոգություն է հայտնել բանակում հանցավորության լուսաբանման և դրա մասին տեղեկատվության տարածման գործընթացի վերաբերյալ: «Ցավոք, մենք բազմաթիվ դեպքերի ենք ականատես եղել, երբ լիակատար ապատեղեկատվություն է տարածվում, բայց և շատ դեպքերում այդ տեղեկատվությունը բավական լայն արձագանք է ստանում, և հասարակությունն այն ընդունում է որպես կատարված փաստ»,- նշել է նա: Ռազմական դատախազը լրագրողներին կոչ է արել պատասխանատու լինել իրենց գործունեության համար և ավելի ողջամիտ մոտեցում ցուցաբերել տեղեկատվության տարածմանը:
Կոստանյանը հաղորդել է, որ կարգադրել է դատախազներին, իսկ ՀՀ Պաշտպանության նախարարության քննչական ծառայության պետը` քննիչներին, որպեսզի բանակում հանցագործության մասին տեղեկատվության տարածման ցանկացած դեպքում այն տարածած անձը պետք է քննչական մարմին հրավիրվի այդ գործի հանգամանքների վերաբերյալ պարզաբանումներ տալու համար: Նա ընդգծել է նաև, որ լրագրողները բառացիորեն են հասկացել տեղեկատվության աղբյուրը չբացահայտելու իրենց իրավունքը: Այս կապակցությամբ Կոստանյանը հիշեցրել է, որ դատարանի որոշմամբ` լրագրողը պարտավոր է բացահայտել տեղեկատվության աղբյուրը: