19 հունվարի 2012 - 18:48 AMT
Երևանը 3 տարով դարձել է եվրոպական բարձրագույն կրթական տարածքի մայրաքաղաք

Այսօր Դանիայի մայրաքաղաք Կոպենհագենում տեղի է ունեցել Բոլոնիայի հետամուտ խմբի նիստը, որին մասնակցել են գործընթացին մասնակից 47 երկրների ներկայացուցիչներ, և Հայաստանը ընտրվել է 2015 թ. Եվրոպայի բարձրագույն կրթական տարածքի նախարարական գագաթաժողովը հյուրընկալող երկիր: Հայաստանի թեկնածությանը դեմ է արտահայտվել միայն Ադրբեջանը:

Կրթության և գիտության նախարարությունից հայտնում են, որ Հայաստանի Հանրապետությունը երեք տարով ստանձնում է Բոլոնիայի գործընթացի քարտուղարությունը և Երևանը փաստացի դառնում է եվրոպական բարձրագույն կրթական տարածքի մայրաքաղաք: Հայաստանն առաջին Եվրամիության ոչ անդամ երկիրն է, որին վստահվում է այս բարձր և պատասխանատու առաքելությունը:

Այս որոշմամբ ևս մեկ անգամ հավաստվում է Հայաստանի կրթական համակարգի միջազգայնացման և բարձրագույն կրթության բարեփոխումների գործընթացների հաջողությունները և նպատակային ուղղվածությունը:

ԿԳ նախարար Արմեն Աշոտյանն իր 2011 թվականի ամփոփիչ ասուլիսի ժամանակ հայտնել էր լրագրողներին այս քվեարկության մասին, և դեռ դեկտեմբերին հույս հայտնել, որ հենց Երևանը կհյուրընկալի 2015 թվականի գագաթաժողովը: