19 հունվարի 2012 - 19:30 AMT
Ֆրանսիայի դեսպանին Ադրբեջանի ԱԳՆ են կանչել Ցեղասպանության վերաբերյալ բանաձևի պատճառով

Ֆրանսիայի դեսպան Գաբրիել Քելլերին Ադրբեջանի ԱԳՆ են կանչել, հաղորդել է լրագրողներին Թուրքիա-Ադրբեջան բարեկամության միջխորհրդարանական խմբի համանախագահ Նեջդեթ Ունուվարը: Նրա խոսքով` ադրբեջանական սփյուռքը աշխատանք է տանում Ֆրանսիայում, Ադրբեջանի խորհրդարանը դիմում է հղել այդ երկրի Սենատին, Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչության փոխղեկավարը Ֆրանսիայի դեսպանի հետ քննարկել է ֆրանսիական խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի ընդունման հարցը: Առայժմ Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանատնից չի հաջողվել տեղեկատվություն ստանալ հանդիպման մանրամասների մասին, հաղորդում է Trend-ը:

Հունվարի 23-ին Ֆրանսիայի Սենատը կքննարկի ցեղասպանությունների ժխտումը քրեականացնող օրինագիծը, որը ստորին պալատի կողմից ընդունվել է 2011թ. դեկտեմբերի 22-ին: Օրինագիծը ժխտման համար նախատեսում է 1 տարվա ազատազրկում և 45 հազ. եվրոյի չափով տուգանք: Այս որոշումից հետո Անկարան հետ է կանչել իր դեսպանին Ֆրանսիայից և սպառնում է լիովին խզել հարաբերությունները: