20 հունվարի 2012 - 09:31 AMT
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար. 21-րդ դարում մեր երկրների պաշտպանությունը հաճախ սկսվում է մեր անդամների սահմաններից դուրս

Չիկագոյում բարձր մակարդակով կայանալիք հանդիպման հիմնական թեման կդառնա դաշինքի անդամ-երկրների մասնակցության հնարավորությունը ՆԱՏՕ-ի օպերացիաներին իրենց սահմաններից դուրս: Այդ մասին հունվարի 19 հայտարարել է Վիլնյուսում պաշտոնական այցով գտնվող ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսսենը:

«21-րդ դարում մեր երկրների պաշտպանությունը հաճախ սկսվում է մեր անդամների սահմաններից դուրս և պահանջում է ավելին, քան տանկերի տեղակայումը, այն պահանջում է հնարավորությունների ճիշտ համադրությունը: Հենց սրա վրա է կենտրոնանալուՉիկագոյում կայանալիք գագաթնաժողովի մասնակիցների ուշադրությունը»,-հայտարարել է Ռասմուսսենը Լիտվայի վարչապետ Անդրյուս Կուբիլյուսի հետ հանդիպումից հետո կայացած մամուլի ասուլիսում:

Դաշինքի գլխավոր քարտուղարը նաև ընդգծել է, որ ՆԱՏՕ-ի առաջնային խնդիրներից է դաշինքի բոլոր մասնակիցների անվտանգությունը: