20 հունվարի 2012 - 13:52 AMT
ՖՈՏՈՇԱՐՔ
IFC-ն ԱԿԲԱ-Կրեդիտ Ագրիկոլ Բանկին կտրամադրի 30 մլն դոլար` Հայաստանում ՓՄՁ վարկավորման համար

Հունվարի 20-ին Երևանում համաշխարհային բանկի խմբի անդամ IFC-ն տրամադրում է Հայաստանի ԱԿԲԱ-Կրեդիտ Ագրիկոլ Բանկին 30 մլն ԱՄՆ դոլար կազմող վարկ, որը նպատակաուղղված է տեղական միկրո, փոքր և միջին ձեռնարկությունների (ներառյալ գյուղատնտեսության ոլորտում), վարկավորման ընդլայնմանը՝ խթանելով աշխատատեղերի ստեղծումը:

Ինչպես հայտնում է բանկի գլխավոր գործադիր տնօրեն Ստեփան Գիշյանը, ավելի սուղ վարկավորման և միջազգային ֆինանսական շուկաներում առկա տատանումների պայմաններում՝ IFC-ի միջնաժամկետ ֆինանսավորումը հնարավորություն կտա Բանկին ընդլայնել իր վարկավորման ծրագիրը գյուղական վայրերում՝ ամբողջ Հայաստանում իր մասնաճյուղերի լայնատարած ցանցի միջոցով: Սա ԱԿԲԱ-Կրեդիտ Ագրիկոլ Բանկին IFC-ի կողմից տրամադրված երկրորդ վարկն է. 2011թ-ի մարտին IFC-ն տրամադրեց Բանկին 20 մլն. ԱՄՆ դոլար վարկ, որն արդեն ամբողջությամբ օգտագործվել է՝ մոտ 3000 տեղական հաճախորդներին օժանդակելու նպատակով:

«IFC-ից ստացվող այս նոր վարկն ավելի կզարգացնի մեր կարողությունները՝ միկրո, փոքր և միջին բիզնեսի վարկավորման բնագավառում` ներառյալ գյուղատնտեսության ոլորտում»,- ասել է ԱԿԲԱ Կրեդիտ-Ագրիկոլ Բանկի գլխավոր գործադիր տնօրեն Ստեփան Գիշյանը: «Սա IFC-ի հետ մեր հաջող համագործակցության նոր փուլ է, և այս նոր վարկով IFC-ն զգալիորեն ամրապնդում է մեր ամենախոշոր վարկավորողներից մեկը լինելու իր դերը: Միկրո և փոքր ձեռնարկությունների վարկավորումը շատ կարևոր է մեր երկու հաստատությունների համար»:

Իր հերթին Հայաստանում IFC ներդրումների գծով խորհրդական Արման Բարխուդարյանը հավելեց, որ միջազգային կառույցն աշխատում է բանկի հետ արդեն 10 տարի, այդ թվում նաև լիզինգի գծով: « IFC-ի համար սա ևս մեկ հաջող քայլ է մասնավոր հատվածի ֆինանսավորման առումով»,-ասել է նա:

«IFC-ն շարունակում է իր կարևոր դերը կատարել՝ օժանդակելով բանկերին զարգացող շուկաներում ընդլայնելու նրանց վարկավորման ծրագրերն այնպիսի հրատապ կարևորություն ունեցող ոլորտներում, ինչպիսին գյուղատնտեսությունն է»,- – ասել է Թոմաս Լյուբեքը՝ Կովկասում IFC-ի տարածաշրջանային տնօրենը: «Կարճ ժամանակահատվածում Հայաստանի գյուղատնտեսության ոլորտի առաջատար վարկավորողին տրամադրված այս երկրորդ վարկով նպատակ ունենք օժանդակել միկրո և փոքր ձեռնարկություններին, որոնք ապահովում են Հայաստանում զբաղվածության զգալի մասը»:

2003թ. IFC-ն և ԱԿԲԱ-Կրեդիտ Ագրիկոլ Բանկը համատեղ ստեղծեցին «ԱԿԲԱ-Լիզինգ» կազմակերպությունը, որը Հայաստանի առաջատար լիզինգային ընկերությունն է: Բացի վարկի տրամադրումից, IFC-ն ստորագրել է նաև ISDA (International Swaps and Derivatives Association) միջազգային համաձայնագիրը, որը հնարավորություն է տալիս ԱԿԲԱ-Կրեդիտ Ագրիկոլ Բանկին ավելի լավ կառավարել արժույթային և տոկոսադրույքի հետ կապված իր ռիսկերը:

ՖՈՏՈՇԱՐՔ