Երևանում հանդիսավոր կերպով նշեցին Հայաստանում Քաղաքացիական ծառայության ներդրման 10-ամյակը: «Այս 10 տարվա ընթացքում մենք ձեզ հետ միասին մեծ ու ծավալուն աշխատանք ենք կատարել, որի նպատակը պետականության ամրապնդումն էր քաղաքացիական ծառայության ինստիտուտի օգնությամբ»,- արարողության ժամանակ ասել է Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը: Նա ընդգծել է, որ ցանկացած պետության համար քաղաքացիական ծառայությունը կարևոր նշանակություն ունի, և նշել, որ հենց քաղաքացիական ծառայողների օգնությամբ է պետությունը հաղորդակցվում իր քաղաքացիների հետ:
Վարչապետը հավելել է նաև, որ չնայած այս տարիների ընթացքում կատարված մեծ աշխատանքին, դեռևս շատ անելիք կա: «Քաղաքացիական ծառայության լավագույն եվրոպական չափանիշները մենք պետք է ներդնենք Հայաստանում»,- ընդգծել է նա:
Հայաստանի նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանն իր հերթին նշել է պետկառավարման որակի բարձրացման գործում Քաղաքացիական ծառայության ներդրման դերը: «Եթե Քաղաքացիական ծառայության համակարգը դեռևս կառավարման մոդելը դրախտի չի վերածել, ապա առնվազն փրկել է այն դժոխքի վերածվելուց, ինչը շատ հատուկ և հավանական է անցումային երկրների համար»,- նկատել է նա:
Միջոցառման ընթացքում մի շարք քաղաքացիական ծառայողներ պարգևատրվեցին ՀՀ նախագահի հրամանագրով, ինչպես նաև ՀՀ վարչապետի հուշամեդալներ ու Քաղաքացիական ծառայության խորհրդից պատվոգրեր ստացան: