21 հունվարի 2012 - 13:01 AMT
Դավութօղլուն կոչ է արել Սարկոզիին առաջին հերթին հաշվետու լինել սեփական պատմության հարցում

Պարոն Սարկոզին պետք է առաջին հերթին հաշվետու լինի իր առջև սեփական պատմության վերաբերյալ, հայտարարել է Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուն ի պատասխան Էրդողանին հասցեագրված Նիկոլյա Սարկոզիի նամակին:

Ֆրանսիայի նախագահ Նիկոլյա Սարկոզին նամակ է հղել Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանին Ֆրանսիայի Սենատում Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի քննարկման առնչությամբ, գրում է թուրքական «Հյուրիեթը»:

Սարկոզին նշել է նամակում, որ այդ օրինագիծն ուղղված չէ որևէ մեկի դեմ և անձնական շահեր չի հետապնդում: «Ֆրանսիան հուսով է, որ այդ օրինագծի քննարկումը չի անդրադառնա Անկարայի ու Փարիզի երկկողմ հարաբերությունների վրա»,-ասվում է նամակում:

«Պատմությանն առերեսվելը հեշտ չէ, սակայն Ֆրանսիան կարողացավ հաղթահարել այդ պատնեշը և ընդունել սեփական սխալները»,-գրել է Սարկոզին: