ԱՄՆ պրոդյուսերների միությունը 2011 թվականի լավագույն ֆիլմ է անվանել «Արտիստը» (The Artist), որի պրոդյուսերը Թոմաս Լանգմանն է: Այդ մասին հաղորդում է «Օսկարի» պաշտոնական կայքը: Ավելի վաղ ֆրանսիական ռեժիսոր Միշել Խազանավիչուսի կինոնկարը մի քանի տասնյակ մրցանակների է արժանացել, այդ թվում՝ երեք «Ոսկե գլոբուսների» և Կինոքննադատների ամերիկյան ասոցիացիայի մրցանակին: Ֆիլմը, որի գործողությունները տեղի են ունենում 1920-ական թվականների Հոլիվուդում, «Օսկարի» հավակնորդ է համարվում:
«Տարվա լավագույն պրոդյուսեր» անվանակարգում ներկայացված են ևս ինը կինոնկարների ստեղծողներ՝ «Աղջիկների երեկույթ Վեգասում» (Bridesmaids), «Ժառանգները» ("The Descendants"), «Վիշապի դաջվածքով աղջիկը» (The Girl With The Dragon Tattoo), «Ժամանակի պահապանը» (Hugo), «Աղախինը» ("The Help"), «Մարտյան իդեր» (Ides of March), «Կեսգիշեր Փարիզում» (Midnight in Paris), «Մարդը, որը փոխեց ամեն ինչ» ("Moneyball") և «Մարտական ձին» ("War Horse"):
Անիմացիոն ֆիլմերից Պրոդյուսերների միության մրցանակին է արժանացել «Տինտինի արկածները. Միաեղջյուրի գաղտնիքը» ("The Adventures of Tintin"): Երկրորդ տարին անընդմեջ լավագույն կատակերգական սերիալ է ճանաչվել «Ամերիկյան ընտանիքը» (Modern Family):