Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուն կոչ է արել Ֆրանսիային Սենատում չքննարկել Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը:
« France 24» տված հարցազրույցում Դավութօղլուն ընդգծել է, որ եթե Ֆրանսիան չփոխի այդ հարցի վերաբերյալ իր դիրքորոշումը, պատժամիջոցները կշարունակվեն:
«Հուսով ենք, որ ստիպված չենք լինի բացահայտելու այդ պատժամիջոցների էությունը: Սակայն թող չկարծեն, որ Թուրքիան լռելու է: Կընդունվեն նոր պատժամիջոցներ և այս անգամ դրանք կշարունակվեն, մինչև որ Ֆրանսիան փոխի իր դիրքորոշումը»,-ընդգծել է Թուրքիայի ԱԳ նախարարը:
Թուրք նախարարն ասել է, թե Սենատի օրակարգում ընդգրկված օրինագիծը հակասում է մարդու իրավունքներին:
Այսօր Ֆրանսիայի Սենատում կկայանա Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի քննարկումը:
Հունվարի 18-ին Ֆրանսիայի Սենատի Սահմանադրական հանձնաժողովը որոշում էր կայացրել չդիտարկել ցեղասպանությունների, այդ թվում` Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը: Օրինագծի մերժման որոշումն ընդունվել է 23 «կողմ», 9 «դեմ» և 8 ձեռնպահ ձայներով: Համաձայն այդ որոշման, օրինագիծը Սենատի կողմից դիտարկվելու է, ընդ որում, մինչև ընդհանուր քվեարկությունը ուշադրություն է դարձվելու վերոհիշկալ հանձնաժողովի որոշմանը:
Սենատում օրինագծի քննարկումները կսկսվեն երևանյան ժամանակով 18:00: