23 հունվարի 2012 - 16:59 AMT
ՀՅԴ երիտասարդական թևը կոչ է անում Ֆրանսիայի սենատին ընդունել Եղեռնի օրինագիծը

ՀՅԴ Հայաստանի երիտասարդական և «Նիկոլ Աղբալյան» Ուսանողական միությունների անդամները կոչ են անում Ֆրանսիայի Սենատին ընդունել Ֆրանսիայի ԱԺ-ի կողմից ընդունված Ցեղասպանությունների ժխտումը քրեականացնող օրինագիծը, որը պաշտպանում է մարդկային արժանապատվությունն ամբողջ աշխարհում: Կոչում մասնավորապես ասվում է.

«2012թ. հունվարի 23 -ը կարևոր օր կարող է դառնալ հայության, և նաև ողջ միջազգային հանրության համար: Վստահ ենք, որ Ֆրանսիայի Սենատը տուրք չի տա Թուրքիայի կողմից արդեն ավանդական դարձած հիստերիային: Համոզված ենք` Ձեր քայլը նպաստելու է նաև, որ Թուրքիայի երիտասարդությունը սթափվի և փորձի նոր դիտանկյունից նայել իր պատմությանն ու իր նախնիների արարքներին` պատասխանատվության կանչելով իր ղեկավարությանը: Մենք հավատում ենք Ֆրանսիայի արդարամտությանն ու ազատատենչությանը»: