24 հունվարի 2012 - 16:48 AMT
Թուրքիան հուսով է, որ Ֆրանսիայի Սենատի որոշումը կբողոքարկվի Սահմանադրական դատարանո՞ւմ

Ֆրանսիայում Թուրքիայի դեսպան Թահսին Բուրջուօղլուն վստահ է, որ Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի ընդունմամբ Ֆրանսիայի Սենատը «մեծ սխալ է գործել»:

Ինչպես հաղորդում են թուրքական լրատվամիջոցները, դեսպանը նշել է, որ այդ որոշման հետևանքները կանդրադառնան երկու կողմերի վրա: «Կատարվեց այն, ինչ չպետք է տեղի ունենար: Կա մի փոքր, բայց և այնպես հնարավորություն, որ այդ որոշումը կարող է բողոքարկվել Սահմանադրական դատարանում: Եթե նրանք չօգտագործեն այս հնարավորությունը, ապա մեծ վնաս կկրեն»,- ասել է նա: «Մենք ` որպես պետություն, կառավարություն, դեսպանություն և տեղի քաղաքացիներ, արեցինք մեզնից կախված ամեն բան: Թե ով է պատասխանատվություն կրելու կատարվածի համար, առանց այդ էլ պարզ է»,- ասել է նա:

Հունվարի 23-ին Ֆրանսիայի Սենատը կողմ է քվեարկել ցեղասպանությունների, այդ թվում` Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծին: Օրինագծի քվեարկությանը մասնակցել է 213 սենատոր, օրինագիծն ընդունվել է 127 «կողմ» և 86 «դեմ» ձայներով: Օրինագիծը ժխտման համար նախատեսում է 1 տարվա ազատազրկում և 45 հազ. եվրոյի չափով տուգանք:

2011թ. դեկտեմբերի 22-ին օրինագիծն ընդունվեց Ֆրանսիայի Ազգային ժողովում:

Թուրքիան սպառնում էր լիովին խզել հարաբերությունները Ֆրանսիայի հետ օրինագծի ընդունման դեպքում: Ավելին` թուրք վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, թե այլևս երբեք Ֆրանսիա չի մեկնի, եթե օրինագիծն ընդունվի: