24 հունվարի 2012 - 20:58 AMT
Ֆրանսիան չի բողոքարկի Ցեղասպանության մասին օրինագծը Սահմանադրական խորհրդում

Ֆրանսիայի Ազգային ժողովի նախագահ Բեռնար Ակկուայեն հրաժարվել է հանրապետության Սահմանադրական խորհրդում վիճարկել երկրում Հայոց ցեղասպանության ժխտման քրեականացման մասին օրինագծի օրինականությունը: Համապատասխան հայտարարությամբ նա այսօր հանդես է եկել լրագրողների առջև:

«ՍԽ-ում օրինագծի բողոքարկման հարց չկա»,- ընդգծել է Ակկուայեն: «Անհրաժեշտ է հասնել նրան, որ բոլոր շահագրգռված կողմերը հանգստություն պահպանեն: Կարևոր է բացատրել մեր թուրք բարեկամներին, որ այս փաստաթղթի տեքստն ուղղված չէ նրանց դեմ, չնայած որ նրանք այլ տեսակետի են հակված»,- նշել է Ազգային ժողովի նախագահը:

Բացի Ակկուայեից ՍԽ այս փաստաթղթի սահմանադրականության մասին հայց ներկայացնելու իրավունք ունեն վերին պալատի Սենատի նախագահ Ժան-Պիեռ Բելը, Ֆրանսիայի նախագահ Նիկոլյա Սարկոզին և առնվազն 60 հոգուց բաղկացած խորհրդարանականների խումբ: Սակայն սույն փաստաթուղթը մշակվել է «Միություն հանուն ժողովրդական շարժման» նախագահամետ կուսակցության ներկայացուցիչների կողմից և հավանության արժանացել Ելիսեյան պալատում, այնպես որ այն հավանականությունը, որ Սարկոզին կհրաժարվի ստորագրել այս օրինագիծը կամ դրա պատճառով ՍԽ կդիմի, չափազանց փոքր է: Իսկ ինչ վերաբերում է Բելին, ապա նա դեռևս նախքան քվեարկությունը Սենատում հայտնել էր այդ նախաձեռնությանն օժանդակելու պատրաստակամության մասին:

Երկուշաբթի օրը ֆրանսիական խորհրդարանը կողմ է քվեարկել ցեղասպանությունների, այդ թվում` 1915-1917թթ. Օսմանայն կայսրությունում տեղ գտած Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծին: Պոտենցիալ խախտողին սպասվում է 1 տարվա ազատազրկում և 45 հազ. եվրոյի չափով տուգանք:

Թուրքիայում, որը սպառնում էր լիովին խզել հարաբերությունները Ֆրանսիայի հետ օրինագծի ընդունման դեպքում, մինչև վերջ հույս ուներ, որ թուրքամետ ուժերն այդ երկրում կվիճարկեն նախօրեին Սենատի ընդունած օրինագիծը Սահմանադրական խորհրդում: