25 հունվարի 2012 - 11:45 AMT
Այսօր ռուս մեծ երգիչ և դերասան Վլադիմիր Վիսոցկու ծննդյան օրն է

Այսօր` հունվարի 25-ին ռուս հայտնի երգիչ, բանաստեղծ, երգահան և դերասան Վլադիմիր Վիսոցկու ծննդյան օրն է: Նա այսօր կդառնար 74 տարեկան: Վիսոցկին մեծ հետք է թողել ռուսական մշակույթում: Չնայած որ մերժվում էր սովետական իշխանությունների կողմից, նա դեռևս կենդանության օրոք ձեռք բերեց հիրավի համախորհրդային ճանաչում:

Վիսոցկին ծնվել է 1938թ.-ին Մոսկվայում: Մանկությունը մոր հետ անցկացրել է տարհանման մեջ` Ուրալում: Պատերազմից հետո հոր և հայուհի խորթ մոր` Եվգենիա Մարտիրոսովայի հետ ապրել է Գերմանիայում, ապա Մոսկվայում: Դեռևս դպրոցում խաղացել է թատերական խմբակում: Դպրոցն ավարտելուց հետո ընդունվել է Մոսկվայի Կույբիշևի անվան ճարտարագիտա-շինարարական ինստիտուտ, ապա փոխադրվել ՄԽԱԹ-ի դպրոց-ստուդիայի դերասանական բաժանմունք:

Խաղացել է տասնյակ դերեր կինոյում և թատրոնում, այդ թվում՝ Համլետի (Շեքսպիրի «Համլետ») դերում: 1964 թվականից հանդիսացել է Մոսկվայի Տագանկայի թատրոնի դերասան: Շուրջ 600 երգի և 100 բանաստեղծության, ինչպես նաև արձակ գործերի հեղինակ է:

1970-ին համերգներ է տվել Հայաստանում: Ամուսնացած է եղել ֆրանսիացի դերասանուհի Մարինա Վլադիի հետ: Մահացել է 1980 թ-ին: