Թուրքիայի ու Ադրբեջանի միջև կան լուրջ տարաձայնություններ: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանը: Ըստ նրա, օրինակ կարող են ծառայել Ցյուրիխի արձանագրությունները, որոնք Թուրքիան ստիպված եղավ չվավերացնել Ադրբեջանի ճնշման պատճառով, թեև դրանք շահավետ էին նրա համար, քանի որ ամրագրում էին, որ Հայաստանը հրաժարվում է տարածքային պահանջներից:
Պատմաբանը նշել է նաև, որ տնտեսապես զարգացող Ադրբեջանը չի ցանկանում հաշտվել «կրտսեր եղբոր» դերի հետ և առկա տարաձայնությունները Թուրքիայի հետ ետին պլան են մղվում ի դեմս Հայստանի հետ պայքարում ավելի լուրջ խնդիրների: Նա մեկնաբանել է նաև ադրբեջանական կողմի արձագանքը Ֆրանսիայի Սենատի կողմից Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի ընդունմանը՝ նշելով, որ Բաքուն արջի ծառայություն մատուցեց Անկարային:
Հունվարի 24-ին Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանատան առջև սակավաթիվ ակցիա էր կազմակերպվել Ֆրանսիայի Սենատի որոշման դեմ: Մասնակցել են 40-50 մարդ, նրանց կարգախոսներն էին՝ »Ադրբեջան-Թուրքիա», Ֆրանսիա, չենք ցանկանում քո ներկայությունը ԵԱՀԿ ՄԽ-ում» և այլն..