29 հոկտեմբերի 2003 - 21:54 AMT
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԸ ԱՅՑՈՎ ՄԵԿՆԵԼ Է ՀՆԴԿԱՍՏԱՆ
Հնդկաստանի նախագահ Աբդուլ Կալամի հրավերով Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանն այսօր պետական այցով մեկնել է Հնդկաստան: Այցի ընթացքում նախագահին ուղեկցում են արտաքին գործերի, առեւտրի եւ տնտեսական զարգացման, կրթության եւ գիտության, գյուղատնտեսության նախարարները, ինչպես նաեւ գործարարներ: Այցի ընթացքում, որը կտեւի մինչեւ նոյեմբերի 1-ը, Ռ.Քոչարյանը հանդիպումներ կունենա Հնդկաստանի բարձրագույն ղեկավարության հետ: Տեղի կունենան նաեւ հայ-հնդկական բանակցություններ ընդլայնված կազմով, որոնց արդյունքում նախատեսվում է երկկողմ փաստաթղթերի ստորագրում: Այցի շրջանակներում Հայաստանի ղեկավարը կհանդիպի Հնդկաստանի գործարար շրջանակների ներկայացուցիչների հետ եւ կմասնակցի Չանդիգարհի արդյունաբերական հետազոտությունների ինստիտուտում Կովկասագիտության կենտրոնի բացման արարողությանը: Նյու Դելիում Ռոբերտ Քոչարյանը կմասնակցի Հայաստանի դեսպանատան շենքի բացման հանդիսավոր արարողությանը, հանդիպում կունենա հայ համայնքի ներկայացուցիչների հետ, որոնց թիվն այսօր կազմում է շուրջ 200 մարդ: